
217 просмотры
Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում: Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի զարմուհին՝ Ռուզաննա Ադամյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Հուշարձանի՝ քաղաքի կենտրոն վերադարձը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է՝ իրականացված ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ:
«Վահագն Վիշապաքաղի հուշարձանը դրվում է իր հաստատուն մշտական տեղում․ մեր ժողովրդի և հասարակության համար խորհրդանշական ուղերձ և իմաստ պարունակող կերպարը մարմնավորող քանդակը չի կարող «թափառել» մի տեղից մյուսը: Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը փաստում է, որ մեր արժեքները մնայուն են և շարունակում են ուղղորդել մեզ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ հուշարձանները հանրային կյանքի կարևոր բաղադրիչ են, և այս համատեքստում նախորդ ուսումնական տարվանից մեկնարկել է նախաձեռնություն, ըստ որի՝ հուշարձանները դպրոցականների հատուկ ուշադրության և հոգածության ներքո են: Յուրաքանչյուր դպրոց ունի իրեն կցված հուշարձան, որի խնամքն ու մաքրությունը իրականացնում է ուսումնական տարվա ընթացքում՝ որպես արտադասարանական կրթության բաղադրիչ։
Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ քանդակը կդառնա ոչ միայն քաղաքաշինական միջավայրի անբաժան մասը, այլև քաղաքացիների և դպրոցահասակների ամենօրյա հոգածության առարկան:
Շնորհակալություն հայտնելով բոլոր կողմերին նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ այն խորհրդանիշները, որոնք խոսում են մեր ժողովրդի արժանապատվության և հաղթանակի մասին, իրենց արժանի տեղը պետք է ունենան քաղաքի կենտրոնում: Նա առանձնակի կարևորել է արձանի հեղինակի՝ Կառլեն Նուրիջանյանի աշխատանքը. «Կարլեն Նուրիջանյանը ստեղծել է կերպարներ, որոնք դարձել են մեր ազգային ուժի դիմադրողականության և արժանապատվության խորհրդանիշները։ Այսօր մենք ոչ միայն Վահագնին ենք վերադարձնում իր արժանի տեղը, այլև Կառլեն Նուրիջանյանին ենք վերադարձնում իր արժանի գնահատականը»:
Իրադարձությանն առանձնակի հուզմունքով է անդրադարձել Կառլեն Նուրիջանյանի զարմուհին՝ Ռուզաննա Ադամյանը՝ ընդգծելով, որ արձանի վերատեղադրումն արժանի գնահատական է քանդակագործին: «Իմ ցանկությունն է, որ Վահագնի ուժը, քաջությունը, հպարտությունը, հաղթանակը և արևը սփռվեն հայ ժողովրդի վրա։ Նուրիջանյանների գերդաստանի անունից շնորհակալություն եմ հայտնում այս որոշման համար, որը նոր շունչ է տալիս հուշարձանին»:
Կառլեն Նուրիջանյանի Վահագն Վիշապաքաղ հուշարձանը ստեղծվել է 1968 թվականին և 1969 թվականին տեղադրվել Մաշտոցի պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է Հայաստանի նկարիչների միության հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվել էր Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ: Այժմ նա կրկին վերադարձել է մայրաքաղաքի կենտրոն։